Երկրի հակառակ կողմի չարորակ նորմալությունը
Մտածե՞լ եք, թե ինչպես հաղթանակած ժողովրդից «վերածվեցինք դասալիքների», «ոչ մի թիզականներից»՝ «Արցախը տվող և հանգիստ ապրողների», ամենահին ու խելացի ազգից` վայրի, անկիրթ «ցեղի», որն «արժանի չէ պետություն ունենալու»։ Երբվանի՞ց զինվորի մահն ու ՀՀ քաղաքացու գերեվարումը դարձան սովորական երևույթներ։ Ինչպե՞ս ստացվեց, որ մենք հանդուրժեցինք Արցախի պաշարումն ու արցախցիների բռնի տեղահանությունը:
Մենք հասկանում ենք, որ այս ամենը նորմալ չէ, բայց այնուամենայնիվ արդեն երրորդ տարին է՝ ապրում ենք հարմարվելով նոր իրականությանը և ընդունելով խաղի նոր կանոնները:
Մասնագետները այս երևույթն անվանում են «չարորակ նորմալություն» (malignant normality):
Չարորակ նորմալությունում ճշմարտության և ստի միջև սահմանն անհետանում է՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ հասարակության համար նախկինում անընդունելի երևույթներն, ինչպիսիք են, օրինակ, սուտը, դավաճանությունը կամ սպանությունը, սկսվում են ընկալվել որպես նորմալ, անվիճելի և փոփոխության ոչ ենթակա իրականություն:
Տերմինն ի սկզբանե ստեղծել է ամերիկացի հոգեբույժ Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը՝ նացիստական ռեժիմի հետ գերմանացի բժիշկների համագործակցությունը բացատրելու համար: Բայց այս ֆենոմենը բնավ չի սահմանափակվում նացիստական Գերմանիայով և բավականին տարածված է տարբեր հանրույթներում, որտեղ նպատակ կա փոխել մարդկանց իրականության ընկալումը՝ սկսած տարբեր ավտորիտար ռեժիմներից, վերջացրած տոտալիտար աղանդներով և նույնիսկ հսկա կորպորացիաներով: Օրինակ՝ իր գրքի հրապարակումից տարիներ անց հեղինակը նույն տերմինով էր նկարագրում Իրաքում ամերիկյան բժիշկների և հոգեբանների մասնակցությունը բանտարկյալների կտտանքներին։
Չարորակ նորմալությունը կարող է ունենալ կոնկրետ պատասխանատու՝ չարորակ նարցիս։ Որպես այդպիսիք հոգեբանները նշում են, օրինակ՝ Հիտլերին, Ստալինին, Սադդամին և անգամ Թրամփին:
Չարորակ նարցիսին մասնագետները բնութագրում են որպես մեծամիտ, անխիղճ անձնավորություն, որը երբեք չի ընդունում իր սխալները և չի վերցնում պատասխանատվություն որևէ բանի համար, փոխարենը մեղադրում է ուրիշներին իր անհաջողությունների մեջ: Խաբեությամբ և մանիպուլյացիաներով նա պատրաստ է խախտել բոլոր սոցիալական նորմերը և պառակտել հասարակությունը՝ սերմանելով թշնամանք տարբեր խմբերի միջև:
Չարորակ նորմալություն հաստատելու համար նարցիսին անհրաժեշտ է տեղեկատվական դաշտում գերիշխանություն, որի շնորհիվ նա՝ ազդելով հանրային կարծիքի վրա, աստիճանաբար խեղաթյուրում է իրականությունը՝ փոխելով նորմերը, կոլեկտիվ հիշողությունը և, ի վերջո, մարդկանց ինքնությունը:
Սկզբում մարդիկ կարող են չընդունել իրենց պարտադրված այդ նոր նորմերը։ Այնուամենայնիվ, չարորակ նորմալությունն ամրապնդվում է հզոր քարոզչամեքենայի միջոցով. լրատվամիջոցները, քաղաքական մեկնաբանները և նույնիսկ դերասաններն ու բլոգերները քարոզում են «նոր իրականությունը»՝ դարձնելով այն միակն իրենց լսարանի համար: Համատարած սուտն ու ահաբեկումը ստեղծում են համոզմունք, որ չարորակ նորմալությունն ամենազոր է:
Համագործակցություն
Իրենց հերթին այն մարդիկ, որոնք իրականության հետ կապը դեռ չեն կորցրել, այլընտրանք չունենալով՝ ժամանակի ընթացքում հարմարվում և ընդունում են նոր սոցիալական կարգը՝ սկսելով համարել այն լեգիտիմ:
Սովորաբար, հասարակական գործունեություն ծավալող մասնագետները՝ իրավաբանները, բժիշկները, ուսուցիչները և այլք, ունեն մեծ ներդրում ընդունված նորմերի և բարքերի պահպանման մեջ, ինչը չափազանց կարևոր է առողջ միջավայր ունենալու համար: Երբ նորմալությունը դառնում է չարորակ, այդ նույն մասնագետների մի մասը սկսում է ծառայել ի նպաստ նոր նորմալության: Այդպիսի հանրային գործիչներն անհրաժեշտ են չարորակ նորմալությունը ամրապնդելու և ուրիշներին դրա մեջ ներքաշելու համար:
Այսպիսով նոր կարգերը չքննադատող, «իրենց տեղում իրենց գործը լավ անող» մասնագետները կամա թե ակամա ծառայում են ռեժիմին և նրա կողմից ստեղծված «այլընտրանքային» նորմալությանը: Օրինակ, համակենտրոնացման ճամբարներում աշխատող բժիշկները պարտաճանաչ կատարում էին իրենց առջև դրված առաջադրանքներն՝ առանց կասկածի տակ դնելու դրանց բարոյական կողմը։
Ինչպե՞ս դիմադրել
Մտքերի ազատ փոխանակումը մարդկանց հնարավորություն է տալիս արտահայտել իրենց վերապրածն ու զարգացնել քննական մտածողությունը։ Հենց այդ պատճառով ազատ խոսքը դառնում է չարորակ նորմալության առաջին թիրախը:
Սուտն ու մանիպուլյացիան ստիպում են մարդկանց կորցնել իրականության հետ կապը և ստեղծում են նորմալության պատրանք: Պրոպագանդայի զոհերը ոչ միայն արդարացնում են մեղավորներին և նրանց հանցանքները, այլև պախարակում են այն անձանց, որոնք համարձակվում են դատապարտել հանցագործներին և նրանց արարքները:
Այնուամենայնիվ, դիմադրել հնարավոր է։
Նախ՝ պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակը նորմալ չէ, ինչը կօգնի գոնե մասամբ պաշտպանվել չարորակ նորմալությունից, այդ պատրանքը ստեղծողներից և սնուցողներից:
Երկրորդը՝ կարևոր է բարձրաձայնել, թե ինչպես է իշխանությունը նորմալացնում մեզ համար անընդունելի երևույթները, դիմակայել դրան և չընկնել ապատիայի մեջ, քանզի անտարբերությունը հենց այն է, ինչին ձգտում են չարորակ նորմալություն ստեղծող նարցիսները:
Դիմադրության հաջողությունը կախված է իրավիճակին ճիշտ գնահատական տալու ունակությունից, սեփական ողջամտությունը պահպանելու ցանկությունից ու պայքարելու պատրաստակամությունից, նույնիսկ երբ հանրային ճնշումն անհաղթահարելի է թվում:
Շատերը պատրաստ են հարմարվել և դիմանալ, մինչև արտաքին միջամտություն չլինի, և հանգամանքները չփոխվեն: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դիմադրության այլընտրանքը սեփական ինքնությունից, համոզմունքներից և բարոյական նորմերից հրաժարվելն է:
Այն ամենն, ինչը մեզ փորձում են պարտադրել՝ պայքարից և ազգային երազանքներից հրաժարվելը, պետությանն արժանի չլինելը, Արցախի կորուստի հետ համակերպվելը, թուրքերի և ադրբեջանցիների հետ քիրվայությունը և, ամենակարևորը, այդ ամենի այլընտրանքի բացակայությունը, պատրանք է և թշնամական պրոպագանդա:
Ձեր որոշումն է՝ պահպանել սեփական ինքնությունն ու ողջամտությունը, թե հրաժարվել դրանցից: