Նորմալության աղճատում

Նորմալության աղճատումը (normalcy bias) ճանաչողական աղճատում է, երբ մարդը թերագնահատում է իրեն սպառնացող վտանգի հավանականությունն ու հետևանքների լրջությունը։
Օրինակ՝ օդանավերում գտնվող ուղևորներն արտակարգ իրավիճակներում հաճախ ոչ թե խուճապի են մատնվում, այլ հակառակը՝ տեղում սառում են ու գրեթե ոչ մի բան չեն անում իրենց կյանքին սպառնացող իրավիճակից դուրս գալու համար, նույնիսկ երբ այդպիսի հնարավորություն կա։ Որոշ մասնագետներ այս վիճակն անվանում են «բացասական խուճապ» (negative panic):1
Նորմալության աղճատումը կարող է ազդել որոշումների կայացման վրա ինչպես, օրինակ՝ ՃՏՊ-ի դեպքում, այնպես էլ՝ խոշոր աղետների (համավարակ, պատերազմ, բնական աղետ)։
Հետաքրքիր է, որ ի տարբերություն գեղարվեստական ֆիլմերում վերահաս աղետներին զանգվածային խուճապով արձագանքելու տեսարաններին, իրականում մարդիկ, երբ իրենց զգուշացնում են վերահաս վտանգի մասին, հակված են «ոտքը կախ գցելուն»։ Օրինակ՝ վերահաս փոթորիկի կամ ջրհեղեղի պատճառով տարհանման անհրաժեշտության մասին զգուշացումից հետո մարդկանց մեծ մասն անշտապ վերստուգում է տեղեկությունները 4 և ավելի աղբյուրներով (այդ թվում պաշտոնական, ինչպես նաև լրատվամիջոցներով և քննարկելով բարեկամների հետ) և հետո նոր որոշում լքել տարածքը, թե ոչ։ Եւս մեկ օրինակ. 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ Նյու-Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերերից փրկված մարդկանց հարցումները ցույց են տվել, որ նրանց 70 տոկոսը մինչև շենքից դուրս գալու որոշում կայացնելը խոսել են այլ մարդկանց հետ, իսկ հարցվածներից մոտ հազարը (!!!) մինչ աշխատավայրից դուրս գալը համակարգիչներն են անջատել, ոմանք էլ ինչ-որ իրեր են վերցրել իրենց հետ ևն։2
Ըստ ճանաչողական աղճատումների մասին «Դու այդքան էլ խելացի չես» գրքի հեղինակ, լրագրող Դեյվիդ Մաքրեյնի՝ նորմալության աղճատումը նաև կարող է վարակիչ լինել, քանի որ վտանգը թերագնահատող մեծամասնությունը փորձում է համոզել վտանգի մասին ահազանգողներին, որ վտանգը չափազանցված է։
Նորմալության աղճատումը կարող է մահացու հետևանքներ ունենալ, քանզի իրական սպառնալիքի գոյությունը մերժելը հետ է պահում մարդուն պլանավորելուց, ռեսուրսներ մոբիլիզացնելուց և՝ որպես հետևանք, աղետին արդյունավետ կերպով դիմագրավելուց։
Նորմալության աղճատումը կարելի է անվանել «մեր ունեցած ամենավտանգավոր կողմնակալություններից մեկը»: Աղետներին չնախապատրաստվելը հաճախ հանգեցնում է ապաստանի, մատակարարումների և տարհանման պլանների անբավարարության: Նույնիսկ երբ այս ամենն արված է, ոմանք հրաժարվում են լքել իրենց տները, կտրվել ծանոթ միջավայրից:3
Հայկական իրականությունից էլ է կարելի հիշել նորմալության աղճատման դրսևորման որոշ օրինակներ:
Օրինակ՝ 2020 թվականի մարտի 1-ին առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով կորոնավիրուսի վտանգի հետ կապված դպրոցների փակման անհրաժեշտության մասին լրագրողների հարցին, հայտարարել էր. «Ես ունեմ երկու դպրոցական երեխա և պատրաստ եմ նրանց ուղարկել դպրոց, քանի որ հանրային առողջապահական վտանգը բարձր չեմ համարում»: Հաջորդ իսկ օրը՝ մարտի 2-ին, բոլոր դպրոցները փակվեցին:
Օրինակ՝ 44-օրյա պատերազմի նախօրեին փորձագետները ահազանգում էին պատերազմի իրական և մոտալուտ վտանգի մասին, սակայն հանրությունը մեծ մասամբ համարում էր այդ զգուշացումները չափազանցված։
Հավանաբար նորմալության աղճատումով կարելի է բացատրել նաև Արցախի իշխանությունների ակնհայտորեն ոչ բավարար նախապատրաստությունը Ադրբեջանի կողմից շրջափակմանը, որը հնարավոր էր կանխատեսել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ից, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանի ստորագրությամբ հանձնվում են Քարվաճառը և Քաշաթաղը։
Նույն կերպ նորմալության աղճատման դրսևորում կարելի է համարել այն, որ այսօր ՀՀ բնակչության գերակշիռ մասը վստահ է, որ ՀԽՍՀ սահմաններն անձեռնմխելի են, թեպետ թշնամին արդեն իսկ մի քանի ուղղությամբ ներխուժել է ՀՀ տարածք, ամրացել և չի պատրաստվում այն լքել:
1 Sharon Barthelmess. Coming To Grips With Panic, Cabin Crew Safety, Vol. 23 No. 2, մարտ/ապրիլ 1988, Flight Safety Foundation, էջ 2. https://flightsafety.org/ccs/ccs_mar-apr88.pdf
2 Amanda Ripley. How to Get Out Alive, Time, 25 ապրիլի 2005. https://content.time.com/time/printout/0,8816,1053663,00.html
3 Matsuda, I. Loss of human lives induced by the Cyclone of 29–30 April, 1991 in Bangladesh. GeoJournal 31, 319–325 (1993). https://doi.org/10.1007/BF00812781

1 Response
[…] էակին ընդհանրապես բնորոշ է նորմալության աղճատումը՝ արտակարգ պայմաններում մահացու վտանգի […]