«Արդար ա, լավ ա, ձեզ հասնում ա». ինքնապառակտման բանաձևը
ԲՈՒՀ-երը Երևանի կենտրոնից արվարձաններ տեղափոխելու շուրջ թեժ քննարկումները ստիպեցին անդրադառնալ վերջին 4 տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցողների խոսքերին, վարքագծին։
Ժամանակին շատերս էինք ասում. «Ինչը կապված չէ Արցախը պաշտպանելու և Նիկոլին հեռացնելու հետ, էական չէ… ինչ ուզում է լինի»։ Տարածված էր ու դեռ տարածված է նաև հետևյալ խոսույթը. «Տե՛ղն է, հասնում է նրանց, ովքեր ժամանակին Նիկոլին պաշտպանել են, դե թող հիմա էլ իրենք տուժեն»։
Այնուամենայնիվ կարևոր է արձանագրելը, որ այս ռեժիմի ցանկացած որոշմամբ քանդվում է ոչ թե այս կամ այն «մեղավորի» հոր դուքանը, այլ բոլորիս պետության համակարգերն ու ինստիտուտները։
Բուհերը հայ ազգինն են, նշանակում է՝ նաև մեր ապագա սերունդներինը։ Բուհերը կառավարություններին չեն պատկանում, ոչ էլ նրանց սատարող կամ չստատարող ռեկտորներին, դրանք մեկ օրում չեն ստեղծվել, ու ոչ մի կառավարություն իրավասու չէ շրջանցելու ազգի իրավունքները։
Այս որոշման պատճառներից մեկը ընչաքաղցությունն է. բռնապետին մոտ կանգնած մարդկանց մի փոքր խումբ կկարողանա քաղաքի գայթակղիչ շենքերին ու տարածքներին տիրանալ։ Այն շենքերին, որոնք ժամանակին նախագծվել են քաղաքի մշակութային ենթակառուցվածքները հաշվի առնելով։
Օրինակ՝ Կոնսերվատորիան պատահական չէ Օպերայի շենքի մոտ կառուցած, իսկ Կոնսերվատորիային կից գտնվում են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն ու Երևանի պարարվեստի պետական քոլեջը։ Նույնը կարելի է ասել նաև Բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցի ենթակառուցվածքային կապի մասին։

Մյուս պատճառը ուսանողությանը մայրաքաղաքի կենտրոնում հնարավոր քաղաքական գործընթացներից հեռու պահելն է։ Ուսանողներն են հասարակական շարժումների (1, 2, 3, 4) այդ թվում հեղափոխությունների շարժիչ ուժը, և ով-ով՝ Նիկոլը դա լավ գիտի: (Ի դեպ, ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ Նիկոլին աջակցությունն ամենացածրն է 18–29 տարիքային խմբում)։
Վերոնշյալ գործոնները հասկանալով՝ արդյոք արժի՞ ասել, թե «տե՛ղն է, հասնում է»։ Ո՞ւմ է հասնում և ումի՞ց։ Նիկոլի ռեժիմից Հայաստանի ուսանողների՞ն… Այն ուսանողների՞ն, որոնք 2023-ի սեպտեմբերին դուրս եկան փողոց։


Այսինքն անուղղակիորեն արդարացնում ենք այս ռեժիմի որոշումները, որպեսզի տարիներ առաջ Նիկոլին ենթադրաբար վստահածները վնասներ կրեն (իսկ իրականում 2018 թ.-ին այսօրվա ուսանողների մեծ մասը 12–18 տարեկան էր, այսինքն՝ անչափահաս)։ Այս մոտեցումը պակաս վտանգավոր չէ, քան ժամանակին Նիկոլին ընտրելն էր։ Նմանապես, եթե այսօր որևէ բնակավայրի վտանգ է սպառնում, ապա նույնիսկ եթե դրա բնակիչները ժամանակին ձայն են տվել այս ռեժիմին, պետք է նախևառաջ հիշել, որ այդ բնակավայրը Հայաստանի Հանրապետությանն է, մեր բոլորինն է, յուրաքանչյուրինս է, և չի կարող դառնալ անպետք ու հանձնվի թշնամուն։
Այս ռեժիմի տարբեր որոշումներ հանրության տարբեր խմբերում պարբերաբար բողոքի ալիքներ են առաջացնում։ Եթե նման պոռթկումներին՝ թեկուզ առերևույթ շահադիտական, կենցաղային, երկրորդական թվացող, մեր վերաբերմունքը լինի «լավ ա, ձեզ հասնում ա»-ն, ապա ինչպե՞ս ենք պատկերացնում ավելի մասշտաբային իրադարձությունների ու ճակատագրական պահերին ազգային մոբիլիզացիան։
Այսպիսով, եկեք արձանագրենք, որ Արցախը հանձնած, Հայաստանի անվտանգային համակարգն ավերած այս ռեժիմի բոլոր որոշումները հակահայկական են ըստ սահմանման: Այս ռեժիմի դեմ պայքարի ցանկացած դրսևորում, գուցե փոքր, բայց այնուամենայնիվ քայլ է դեպի ազգային ուժերի մոբիլիզացիա հանուն Հայաստանի ազատագրման։
