No shortcuts! Երկար ճանապարհը, որ ամենակարճն է

Պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո հայ հանրության մեջ տարածված էր այն ողջամիտ համոզմունքը, որ պարտության պատասխանատու գործող ռեժիմը երկար չի ձգի, որ «Նիկոլի օրերը հաշված են»։ Սակայն այդ ռեժիմը դեռ իշխանության ղեկին է, ավելի կոնսոլիդացված է և տանում է Հայաստանը նոր՝ ավելի ծանր կորուստների։ Ո՞րն է Փաշինյանի «ուժի աղբյուրը» և որտե՞ղ պիտի ազգային ուժերը փնտրեն իրենց ուժի աղբյուրը։
Ա. Խնդիրը. ժողովուրդը՝ դեկորացիա, այլ ոչ թե ինքնիշխան ուժի աղբյուր
Հաճախ տարակուսում ենք, թե ինչո՞ւ է ընդդիմությունը «երկնքից մեկը մյուսի հետևից ընկնող» շանսերը բաց թողնում, ինչո՞ւ չունի հանրության հետ հաղորդակցման ռազմավարություն, ինչո՞ւ ուղիղ հարցին, թե «ո՞րն է պատճառը, որ 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած պայքարը դեռ արդյունք չի տվել, ի՞նչն ենք սխալ անում», շարունակաբար պատասխանում է. «Չգիտեմ»։
Կարծում ենք՝ պատճառն այն է, որ ժողովրդական ցասումը, փողոց դուրս եկողների թիվը և ընդհանրապես ժողովրդին ներկա ընդդիմությունը ընկալում է ավելի շատ որպես արտաքին աշխարհի հետ հարաբերվելու դեկորացիա, քան որպես սեփական ուժի և լեգիտիմության աղբյուր, որի վրա հենվելով կարելի է ծանրակշիռ սուբյեկտայնություն ձեռք բերել նաև արտաքին աշխարհի աչքերում։
Սրա վկայություններից է օրինակ այն, որ հանրահավաքների մասնակիցներից ոմանք վստահ են. «Մինչև դրսից չմիջամտեն, ոչինչ չի փոխվի», ու սրանով փաստորեն ընդունում են իրենց իսկ դեկորացիա լինելու հանգամանքը։ Մեկ այլ վկայություն. հանրահավաքների հարթակներից հնչող ելույթները չեն կլանում ցուցարարներին, մարդիկ սովորաբար չեն լսում դրանք, բայց նույնանման այդ ելույթներն միևնույնն է կրկնվում են։ Իրավիճակը գրեթե նույնն է նաև մեդիադաշտում․ մամուլում, սոցցանցերում, նույն «Старые песни о главном» ոճի գրառումներ ընդդիմադիրներից, որոնց մեծ մասը կարդում է հետևորդների շատ նեղ շրջանակ։ Ու չի էլ երևում որևէ աշխատանք՝ այդ շրջանակն ընդլայնելու, ժողովրդի հետ հաղորդակցման թերությունները հասկանալու և դրանք շտկելու ուղղությամբ։
Այս աշխատանքը չանելու միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ այդ աշխատանքն ուղղակի չի՛ կարևորվում։ Իսկ այդպես կարող է լինել միայն այն դեպքում, երբ ժողովրդի վրա հենվելու մտադրություն էլ չկա, երբ ժողովուրդը դիտարկվում է զուտ որպես դեկորացիա։
Ժողովրդի հետ չաշխատելու տարբեր արդարացումներ կարող են լինել։ Օրինակ՝ «Այս պարզ բաները հազար անգամ ասել ենք, ժողովուրդը մեկ է՝ չի հասկանում», «էս նեղ պահին եթե մի հատ էլ փորձենք սուբյեկտ խաղալ, լրիվ կտան, կայլանդակեն. թուրքը կմտնի, ռուսն էլ կասի՝ դե որ սուբյեկտ ես, գնա տեսնեմ ինչ ես անում», «Հասկանում ենք, որ չկան հանրային մոբիլիզացիան իրականացնելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ, բայց դրանք ստեղծելը երկար տարիների գործ է. մենք ո՛չ դրա հունարն ունենք, ո՛չ ժամանակը» և այլն։
Իհարկե, կարող եք առարկել, թե վերջին ընտրություններին ընդդիմությունը ձայների զգալի տոկոս է ստացել, կամ՝ «Դիմադրության շարժման» երթերին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, նշանակում է, որ ժողովրդի բավականին մեծ հատված այնուամենայնիվ աջակցում է ընդդիմությանը։ Այնուամենայնիվ փաստ է, որ ազգային թևի մարդկային այդ ներուժը ընդդիմությունը դեռևս չի կարողանում դարձնել ավելի լայն՝ համազգային, մոբիլիզացիայի առանցք, և կարծում ենք՝ հենց այն պատճառով, որ չի ընկալում այդ մարդկանց՝ որպես ուժի և սուբյեկտայնության աղբյուր։
Անկախ պատճառներից արդյունքն այն է, որ ներկայիս ընդդիմությունն առայժմ չի գնում իր սուբյեկտայնությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով: Մինչդեռ դա ազգային էլիտաների ուղիղ պարտականությունն ու դասակարգային առաքելությունն է, որը ձախողելով՝ հենց էլիտաներն են անխուսափելիորեն դառնալու օբյեկտ՝ գործիք կամ դեկորացիա, տարբեր սուբյեկտների միջև Հայաստանի շուրջ ծավալվող պրոցեսներում:
Ընդգծենք, որ ժողովուրդը սուբյեկտայնության միակ հնարավոր աղբյուրը չէ։ Այդպիսին կարող են լինել, օրինակ՝ նաև ուժայինները, պետական բյուրոկրատական համակարգը, խոշոր կապիտալը։ Ընդ որում, ուժայինների կամ պետական բյուրոկրատական համակարգի վրա հենվելով իշխանափոխության դեպքում երկիրն արագ ոտքի կանգնեցնելու շանսերն ավելի մեծ են, քան միայն ժողովրդի վրա հենվելով։
Սակայն նման արագ լուծումները (shortcuts), ցավոք, այլևս անհնար են, քանի որ անցած չորս տարիների ընթացքում, և հատկապես պատերազմում պարտությունից հետո Նիկոլը բռնապետերին բնորոշ ոճով հիմնահատակ վերաձևել է պետական ինստիտուտներն այնպես, որ դրանք սպասարկեն ոչ թե պետության, այլ իր անձնական շահերը, պաշտպանեն իր անձնական իշխանությունը, իսկ որոշ ինստիտուտներ էլ, ինչպես օրինակ զինված ուժերը կամ ԵՊՀ-ն, ըստ էության կազմաքանդել է:
Օրինակ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը թերևս կարելի է այդպիսի «արագ լուծման» հասնելու փորձ համարել, բայց դրա անփառունակ ավարտը ևս մեկ անգամ փաստում է, որ նման «արագ լուծումների» հնարավորություններ այլևս չկան։ [Ի դեպ, արձանագրենք, որ գեներալիտետն էլ էր ըստ էության իր գործողությունների համար արտաքին լեգիտիմություն փնտրում, որը չգտնելով՝ կանգնեց։ Մինչդեռ իր գործողությունների ներքին լեգիտիմությունը բառացիորեն փողոցում դրած էր։ Պատկերավոր ասած՝ եթե այդ օրն Օնիկ Գասպարյանը գար Բաղրամյանի պողոտա, այնտեղից գնալու էր որպես վարչապետ։]
Այսպիսով, ընդդիմության համար որպես ուժի, լեգիտիմության ու սուբյեկտայնացման միակ հնարավոր աղբյուր մնացել է ժողովուրդը։ Այդ աղբյուրը կուլտիվացնելն իհարկե շատ ավելի բարդ է, հեշտ կամ արագ լուծումներ այլևս չկան, բայց մյուս բոլոր հնարավոր աղբյուրներն կա՛մ արդեն «ցամաքած» են, կա՛մ էլ Նիկոլի վերահսկողության տակ։
Բ. Սովորել, այդ թվում թշնամուց
Մեր նորագույն պատմության մեջ ժողովրդի վրա հենվելով սուբյեկտայնություն ձեռք բերելու հաջողված երկու օրինակ կա, բայց տրամագծորեն հակառակ արդյունքներով. առաջինը փակել է «ութը դարու սուգ ու թախիծի էջը» երկրորդը՝ վերաբացում է այն։ Խոսքը 1988-ի «Ղարաբաղյան շարժման» և 2018-ի «սիրո՜, համերաշխությա՜ն, թավշյա՜, ոչ բռնի՜» հեղաշրջման մասին է։ Երկուսում էլ ուժի աղբյուրը նույն հայ ժողովուրդն էր, բայց առաջին դեպքում այդ ուժը օգտագործվել է հայկական պետությունը կառուցելու, իսկ երկրորդ դեպքում՝ այն կազմաքանդելու համար։
Մենք կարծում ենք, որ այժմ նույնպես այդպես է. նույն ժողովրդի վրա հենվելով կարելի է կուլտիվացնել և՛ Հայաստանի վերածնունդը, և՛ կործանումը։ Կախված իր հետ տարվող աշխատանքից՝ նույն մարդը կարող է տանկով մտնել Աղդամ, կամ կարող է «դիվանով մտնել Փերֆեքթ-Թիվի»։ Սա զուտ այլաբանություն չէ. մեր կողքն ապրող այդպիսի մարդկանց օրինակները բազում են։
Ղարաբաղյան շարժման և Առաջին պատերազմի տարիներին մեր ազգային էլիտաներն ավելի մոդեռնիզացված էին քան թշնամունը, ինչի շնորհիվ կարողացան շատ ավելի արդյունավետ մոբիլիզացնել ժողովրդին ու տանել դեպի հաղթանակ։
Հիմա հակառակն է. թշնամին (այս դեպքում Նիկոլը) այժմ շատ ավելի մոդեռնիզացված է (և ոչ «խեղճ հարիֆ» կամ «ապիկար») քան ազգային ուժերը, և փաստորեն կարողանում է ժողովրդին անուղղակիորեն մոբիլիզացնել Հայաստանի կործանման համար։ Մենք կարծում ենք, որ կործանման թափանիվը եթե հնարավոր է կանգնեցնել, ապա միայն հանրային լայն մոբիլիզացիայի միջոցով, ինչն իր հերթին հնարավոր է միայն եթե ազգային ուժերը հենվեն ժողովրդի վրա՝ դրանով որակապես բարձրացնելով իրենց սուբյեկտայնության մակարդակը։
Իհարկե, 1988-ին կամ 2018-ին իրավիճակը լրիվ այլ էր քան հիմա, բայց հատկապես 2018-ի հետ զուգահեռն այնուհանդերձ կարևոր է՝ սուբյեկտայնացման խնդրի լուծման հնարավոր եղանակները, ինչպես նաև հենց թշնամուն՝ Նիկոլին, լավ հասկանալու համար։
2018-ին Հայաստանի պետականության դեմ կազմակերպված դավադրության մեջ և՛ արտաքին, և՛ ներքին խաղացողները շատ էին։ Ամենայն հավանականությամբ Նիկոլն այդ խաղում ի սկզբանե սուբյեկտ չէր, և մյուս խաղացողները նրան որպես հարմար գործիք էին ընկալում, բայց նա «դատարկ տեղում» կարողացավ հաշված օրերում մյուս խաղացողներին հավասար սուբյեկտայնություն ձեռք բերել ու հաղթել նրանց՝ իրենց իսկ նախաձեռնած խաղում։
Թեպետ 2018-ին 60-հազարանոց հրապարակը լցնողները տարբեր (նաև իրար հակասող) շահեր ունեին, Նիկոլը կարողացավ սանձել այդ հրապարակը և վերաձևել այն որպես իր սեփական ուժի աղբյուր․ դրանով դարձավ սուբյեկտ, որի հետ արդեն ստիպված եղան հաշվի նստել ու հարաբերվել հրապարակը լցրած բոլոր այլ stakeholder-ները։
Իհարկե, իշխանության գալուց հետո, բացի հրապարակից նա իրենով արեց նաև բոլոր ուժային և այլ պետական կառույցները, «ժեխնյուզի» մեդիակայսրություն ստեղծեց, իրեն ենթարկեց խոշոր կապիտալի զգալի մասին։ Հիմա այս ամենը նույնպես բարձրացնում է իր սուվերենության մակարդակը, բայց դրանք, ինչպես նաև «ռուսի», «թուրքի», «Ամերիկայի» կամ «մասոնների» օժանդակությունը միայն ուժի բազմապատկիչներ են (force multipliers)։ Նիկոլի բուն ուժը Հայաստանի ժողովրդի զգալի (բայց ոչ գերակշիռ) ու առավել կուռ հատվածի աջակցության հաշվին է։ Եւ միաժամանակ այն բանի հաշվին է նաև, որ մի շատ ավելի մեծ հատված ըստ էության քաղաքականությունից դուրս է մղված, քաղաքական դաշտում որևէ կերպ ներկայացված չէ, իր իսկ պատկերացմամբ՝ «զզվում է և՛ նախկիններից, և՛ ներկաներից» ու պնդում է, որ «քաղաքականությամբ չի հետաքրքրվում» (ընդգծենք, որ այս երկրորդ հատվածն այդպիսին է ոչ թե ինքնաբերաբար, այլ առավելապես Նիկոլի հմուտ աշխատանքի, նրա կողմից իրականացվող կուլտիվացիայի արդյունքում):
Արտաքին խաղացողները բնականաբար սենտիմենտներով չեն առաջնորդվում (մանկամիտ ակնկալիք, որ խորը արմատավորված է հայերիս գիտակցության մեջ): Նրանք բնականաբար ունակ են ու պատրաստ են հարաբերվել ցանկացածի հետ, ով իրենից ինքնուրույն և զգալի ուժ է ներկայացնում։ Ներկայումս Նիկոլը Հայաստանից սերող միակ խոշոր տրամաչափի սուբյեկտն է․ միակն է, որ Հայաստանում սեփական «ավտոխտոն» ուժի աղբյուր ունի. եթե վաղը նրա փոխարեն կամ նրանից բացի այլ ուժեր էլ լինեն, արտաքին խաղացողներն նրանց հետ էլ կսկսեն հարաբերվել. իհարկե, գուցե ոչ միանգամից ու ոչ ամբողջ ծավալով։ Օրինակ՝ Նենսի Փելոսին, որ թերևս Հայաստանում իշխանափոխությամբ ամենաքիչ շահագրգռվածներից է, իր այցի ժամանակ հանդիպեց խորհրդարանական ընդդիմության հետ։
Գ. Ելքը. No shortcuts!
Ո՞ր դեպքում է հնարավոր, որ ընդդիմությունը դուրս գա օբյեկտի վերածվելու կործանարար ճահճից ու սկսի շարժվել սուբյեկտայնացման ճանապարհով։ Այն դեպքում, երբ ընդդիմադիր որևէ ուժ վերջապես գիտակցի, որ բացի ժողովրդի վրա հենվելուց սուբյեկտայնացման այլ ճանապարհ ցավոք այլևս չի մնացել, և իր վրա վերցնի բարդագույն այդ ճանապարհով շարժվելու առաքելությունը։

Համոզված ենք, որ այդպիսի ուժը կկարողանա գերիշխող քաղաքական օրակարգ ձևավորել Հայաստանում (մի բան, որում Նիկոլը մինչ այժմ հաղթում է), և ըստ այդմ՝ վերջապես հակաՀայաստանի շահերը սպասարկող ներկայիս վարչակարգի հեռացման համար ռեալ նախադրյալներ կստեղծի։
Հաշվի առնելով, որ այդպիսի ուժի գործունեությունը զուտ ֆունկցիոնալ առումով որակապես տարբերվելու է ներկա ընդդիմության գործունեությունից, իմաստալից է այն անվանել «երրորդ ազգային ուժ»։ Ընդ որում, ֆունկցիոնալ տարբերություն ասելով մենք նկատի չունենք անպայման գաղափարախոսական տարբերություններ․ խոսքն այն մասին է, թե ինչպես է այդ ուժն ինքն իրեն դրսևորելու։ Այս իմաստով՝ այդ «երրորդ ազգային ուժի» ներքաղաքական ծագումնաբանությունը կարևոր չէ․ այն կարող է ստեղծվել զրոյից, սերել «նախկիններից», հանդիսանալ ներկա ընդդիմադիր ուժերի մոդեռնիզացիայի արդյունք կամ ձևավորվել որևէ այլ կերպ։
Այդպիսի «երրորդ ազգային ուժի» կայացումը կարող է նաև ստիպել մյուս ընդդիմադիր ուժերին նույնպես շարժվել սուբյեկտայնացման ճանապարհով, որպեսզի դուրս չմղվեն լուսանցք՝ այդպիսով ավելի հզորացնելով ընդիմադիր ճակատը։
«Երրորդ ազգային ուժի» ծնունդը ոչ միայն ժամանակի հրամայականն է, այլ նաև ներկայիս երիտասարդ սերնդի ուղիղ պարտականությունը։ Ավագ սերունդն իր երիտասարդ տարիներին կարողացել է իրոք որ անհավատալի արդյունքների հասնել։ Բոլոր հայտնի ու անհայտ, մեծ ու փոքր ձախողումներով հանդերձ, 2018 թվականին կրած պարտությամբ հանդերձ, միևնույնն է՝ փաստ է, որ ավագ սերունդը կարողացել է շրջել «ութը դարու սուգ ու թախիծի» էջը և Աշոցքից Հորադիզ ձգվող հաղթանակած և իր քաշային կարգում գերսուվերեն երկիր կառուցել, որը կանգուն է մնացել շուրջ քառորդ դար, ու որի Անկախության ռազմական շքերթի ժամանակ իրար հետևից քայլում էին և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի ռազմական ներկայացուցիչներն՝ իրենց դրոշներով (այդպիսի դեպքեր աշխարհի մասշտաբով հատուկենտ են եղել, օրինակ…): Վաղուց ժամանակն է, որ ներկայիս երիտասարդ սերունդը դադարի կախվել ավագների փեշերից, ստանձնի իրեն բաժին հասած ժառանգությունը և կրի այն պատվով։
Դ. «Երրորդ ազգային ուժի» իրական լինելու չափորոշիչները
Ներկայիս հայկական տեղեկատվական դաշտի ավիրված վիճակում (օրինակ՝ անկախ ձևացող, բայց Նիկոլի գրպաններում տեղավորված «ընդդիմադիր» մարդ-կուսակցությունները, բազմապիսի «ջոնիբրջոնի» բլոգերները, լրագրողական նույնիսկ ամենացածր ստանդարտներից շատ ավելի ցածում գտնվող «ժեխմեդիան», որպես փորձագետներ ներկայացող գուշակներն ու «էքստրասենսերը» ևն) և՛ հանրության համար է դժվար ճանաչել ճշմարիտ «երրորդ ազգային ուժին», և՛ նման քաղաքական ամբիցիաներ ունեցող ուժի համար է ծայրահեղ դժվար դիրքավորվել հանրային դաշտում որպես այդպիսին։ Ուստի, կարևոր ենք համարում առաջադրել չափորոշիչներ, որոնց, մեր համոզմամբ, պետք է բավարարի ճշմարիտ «երրորդ ազգային ուժը»։
- Հասունության սկզբունք։ Նախևառաջ, եթե այդ ուժը չի սերում «նախկիններից», ապա չպետք է ակնկալի, որ վերջիններս իր համար պիտի դաշտ ազատեն։ Այդ նոր ուժի նկատմամբ սկզբում որևէ մեկի մոտ չի կարող և չպետք է լինի որևէ վստահություն։ Այդ վստահությունը պետք է վաստակել։ Ավելին, ջերմոցային պայմաններում աճելը խիստ խոցելի և անօգտակար կդարձնի այդ ուժին։
- Ներառականության սկզբունք։ Հանրության կեսից ավելին չի սատարում գործող ռեժիմին, ինչպես նաև ներկայիս ընդդիմությանը։ Առանց այդ մարդկանց ներգրավելու հնարավոր չէ լայն հանրային մոբիլիզացիա, ըստ այդմ՝ հնարավոր չէ իշխանափոխություն։ Հետևաբար՝ ճշմարիտ «երրորդ ազգային ուժը» պետք է աշխատի հենց այդ ուղղությամբ։
- Ճակատագրի սկզբունք։ «Երրորդ ազգային ուժը» պետք է լինի հայկական քաղաքական ինքնության կրող, այդ թվում հավատարիմ մնալով Անկախության հռչակագրին:
- Ժառանգականության սկզբունք։ «Երրորդ ազգային ուժը» պետք է գնահատի 1988–2018թթ. հայկական պետության թե՛ լրջագույն և անուրանալի ձեռքբերումները, թե՛ բոլոր հայտնի ու անհայտ, մեծ ու փոքր ձախողումները, և պետք է պատրաստ լինի ստանձնել դրանցից մնացած ժառանգությունը իր ներկա՝ Նիկոլի ավիրած վիճակում։
ԱՅՍՊԻՍՈՎ, մեր կարծիքով, ընդդիմությունը մինչ այժմ չի կարողացել հեռացնել Նիկոլին, քանի որ չի ունեցել սուբյեկտայնության բավարար մակարդակ։
Մենք հիմնավորեցինք, որ այս պահին ուժի, լեգիտիմության ու սուբյեկտայնության միակ հնարավոր աղբյուրը ժողովուրդն է (մյուս աղբյուրները կա՛մ արդեն «ցամաքած» են, կա՛մ Նիկոլի վերահսկողության տակ են)։ Միայն ժողովրդին որպես այդպիսին ընկալելով և ժողովրդի վրա հենվելով, ազգային ուժերը կկարողանան դուրս գալ ներկա փակուղուց։
Ինչպիսի ներքաղաքական ծագումնաբանություն էլ ունենան վերոնշյալ ազգային ուժերը (սերեն «նախկիններից», կամ հանդիսանան ներկա ուժերի մոդեռնիզացիայի արդյունք, կամ էլ ձևավորվեն որևէ այլ կերպ), նրանք պետք է բավարարեն այս չափանիշներին։
2 Responses
[…] Առանց անվտանգության վերականգման անհնարին է Հայաստանի զարգացումն ու առաջընթացը։ Կարճ ուղիներ (shortcuts), արագ ու հեշտ լուծումներ այս ճանապարհին ուղղակի չկան։ […]
[…] միևնույնն է՝ արագ և պարզ լուծումներ չկան (տե՛ս No shortcuts!…). մեր միակ ճանապարհը՝ միակ գործը, որը կարող ենք […]